Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը, ներկայացնելով իր թեկնածությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում, հայտարարել է երկրում քաղաքական և խորհրդարանական փոփոխությունների անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովը պետք է ծառայի Հայաստանի քաղաքացիներին և կենտրոնանա բարեկեցության ապահովման, տարածքային սպառնալիքների, արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման վրա։ Վարդևանյանը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ, այդ թվում՝ խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ բարեփոխումներ։
Պատգամավորը նաև քննադատել է այն գործելակերպը, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները մշտական հանձնաժողովներում ստանում են բացասական եզրակացություն և չեն հասնում լիագումար նիստերի քննարկմանը։ Նրա գնահատմամբ՝ դրա հետևանքով խորհրդարանում գրեթե բացակայում են բովանդակային քննարկումները, ինչպես նաև իշխանության և ընդդիմության տեսակետների բախումը։
Վարդևանյանն առաջարկել է փոխել այդ մոտեցումը և լիագումար նիստերի ընթացքում քննարկել օրենքների ու հայտարարությունների նախագծերը՝ անկախ դրանց վերաբերյալ հետագայում կայացվելիք որոշումներից։
Նա ընդգծել է, որ պատգամավորների հիմնական զբաղվածությունը պետք է լինի հնարավորինս մեծ թվով օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը և դրանց արդյունքների մասին հանրությանը տեղեկացնելը։ Վարդևանյանի խոսքով՝ խորհրդարանական հայտարարությունների նախագծերը կարող են վերաբերել արտաքին քաղաքականությանը, տարածքային ամբողջականությանը, սոցիալ-տնտեսական խնդիրներին և այլ սուր հարցերի։
Վարդևանյանը նաև հայտարարել է, որ նիստերը նախագահելու դեպքում օրենքի պահանջները հավասարապես կկիրառի բոլոր պատգամավորների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։
Նա նշել է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալն ունի սահմանափակ լիազորություններ, որոնք հիմնականում վերաբերում են նիստերի վարմանը։ Միաժամանակ Վարդևանյանը քիչ հավանական է համարել, որ ընտրվելու դեպքում հաճախ ստիպված կլինի նախագահել նիստերը։
Պատգամավորը քննադատել է օգոստոսի 5-ին Հայկ Կոնջորյանի կողմից նիստը վարելու ձևը։ Վարդևանյանի խոսքով՝ եթե վիրավորական արտահայտություններ թույլ տար նաև իր խմբակցության գործընկերը, ինքը կընդհատեր ելույթը, կկիրառեր նախազգուշացում և անհրաժեշտության դեպքում կձեռնարկեր օրենքով նախատեսված այլ միջոցներ։
Վարդևանյանն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ելույթները չպետք է կառուցվեն վիրավորանքների վրա, իսկ պատգամավորները պետք է հավասար լինեն օրենքի առջև։
Նա նաև հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը չի խուսափում պատասխանատվությունից և շնորհակալություն է հայտնել խմբակցությանը և դաշինքին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը օգոստոսի 2-ին Արամ Վարդևանյանին առաջադրել էր ԱԺ փոխնախագահի պաշտոնում՝ նրա մասնագիտական փորձը ներկայացնելով որպես ընտրության հիմնական պատճառ։ Օրենսդրության համաձայն՝ ԱԺ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ ՔՊ-ն մյուս երկու պաշտոններում առաջադրել էր Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին, որոնք արդեն ընտրվել են։
