ՍԴ-ն վարույթ է ընդունել TRIPP-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության գործը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծով ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Գործի քննությունը նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, գրավոր ընթացակարգով։ Զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարներն ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։

Հայաստանն ու ԱՄՆ-ն 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակել էին նախագծի իրականացման շրջանակը, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։ Սահմանային և մաքսային վերահսկողությունը, իրավապահ գործունեությունն ու անվտանգությունը կմնան ՀՀ պետական մարմինների պատասխանատվության ներքո։

ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը կղեկավարի Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 մլն դոլարը։

Leave a Comment