Թերլիցքավորում. ով է խաբում վարորդին՝ բիզնե՞սը, թե՞ վերահսկողության բացակայությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թերլիցքավորում. ով է խաբում վարորդին՝ բիզնե՞սը, թե՞ վերահսկողության բացակայությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում վառելիքի շուկայում թերլիցքավորման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվող խնդիրներից մեկը։ Վարորդների մեծ մասը վստահ է՝ մեքենան չի լիցքավորվում այն ծավալով, որի համար վճարում է։

Մինչ պետական կառույցները ներկայացնում են ստուգումների և արձանագրված խախտումների պաշտոնական վիճակագրությունը, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետները պնդում են՝ խնդիրը շատ ավելի խորն է, քան արձանագրված թվերն են ցույց տալիս։

«Եթե խոսում ենք թերլիցքավորումներից, բնականաբար, պետք է առանձնացնենք ոլորտները՝ գազ, հեղուկ գազ, դիզել, բենզին։ Եթե ասեմ՝ մասսայական բնույթ է կրում, չեմ կարծում, որ կգտնվի որևէ քաղաքացի, որ չի համաձայնի ինձ հետ։ Բայց ավելի ազնիվ կլինեմ. կան ոլորտներ, հատկապես գազի ոլորտը, որտեղ դա մասսայական բնույթ է կրում։ Բենզինի ոլորտում՝ գրեթե մասսայական բնույթ»։

Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ներկայացրել է վերջին մեկուկես տարվա վիճակագրությունը։

Ըստ տեսչական մարմնի՝ 2025 թվականին իրականացվել է 228 ստուգում, որոնց ընթացքում արձանագրվել է 89 խախտում, այդ թվում՝ 11 թերլիցքավորման դեպք։

Իսկ 2026 թվականի հունվարից մինչև հունիս իրականացվել է արդեն 183 ստուգում, արձանագրվել է 118 խախտում, որոնցից 19-ը՝ թերլիցքավորման դեպքեր։

Ամենաշատ թերլիցքավորումները 2026 թվականի առաջին հինգ ամիսներին արձանագրվել են հեղուկացված գազի և բենզինի շուկաներում։

Սակայն Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ պաշտոնական վիճակագրությունը ամբողջ պատկերը չի արտացոլում։ Ըստ Պիպոյանի՝ խնդրի իրական ծավալի մասին խոսում է հենց պաշտոնական վիճակագրությունը։

Տեսչական մարմինը նշում է, որ ստուգումները կատարվում են «Չափագիտության մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ստուգաչափված չափանոթների միջոցով՝ համադրելով վառելիքաբաշխիչ սարքի ցուցմունքը փաստացի լցված ծավալի հետ։

Թերլիցքավորման կամ չափագիտական կանոնների խախտման համար տնտեսվարողներին սպառնում է 200 հազար դրամ վարչական տուգանք, ինչպես նաև ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 1 տոկոսի չափով լրացուցիչ տուգանք։ Բացի այդ, տեսչական մարմինը 2025 թվականին տվել է 5, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 42 պարտադիր կատարման կարգադրագիր։

«Ստուգում կա, քանակ կա, արդյունք չկա։ Եթե պիտի պետությունը փող ծախսի, գնա ստուգի, բայց պրոբլեմը մնա, ո՞ւմ է պետք այդ ստուգումը։ Կարող ենք համարել, որ վերահսկողական մոդելը չկա»։

Խնդիրը տուգանքի չափը չէ։ Կարող է ընդհանրապես վարչական պատասխանատվություն չլինել, բայց համակարգը արդյունավետ աշխատի։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ եթե վարորդը կասկածում է, որ իրեն թերլիցքավորել են, կարող է դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով հնարավորինս մանրամասն տվյալներ՝ լիցքավորման վայրի, ամսաթվի, ժամի, ՀԴՄ կտրոնի և այլ փաստաթղթերի մասին։

Սակայն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը կարծում է՝ այս մոտեցումը բավարար չէ։

Պիպոյանի դիտարկմամբ՝ կան ոլորտներ, որտեղ պետությունը չի կարող հույսը դնել միայն քաղաքացու բողոքի վրա։ Մարդը չգիտի՝ ինչ պետք է ստուգի, ինչ թվերի պետք է նայի, ինչպես պետք է ապացույց հավաքի։ Եթե քաղաքացին չգիտի՝ ինչ անել, ապա ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելը ճիշտ չէ։

Փորձագետի համոզմամբ՝ տարիներ շարունակ չի փոխվել ոչ միայն վերահսկողության մեխանիզմը, այլև չի իրականացվել վարորդների իրազեկման համակարգված աշխատանք։

«Պետությունը ոչ միայն պետք է ստուգի, այլ նաև սովորեցնի քաղաքացիներին, թե ինչպես պաշտպանել իրենց իրավունքները»։

Տեսչական մարմինը նշում է նաև, որ բոլոր գազալցակայաններն ու բենզալցակայանները պարտավոր են ունենալ QR կոդ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ տվյալ օբյեկտում իրականացված նախորդ ստուգումների արդյունքներին։ QR կոդի բացակայության համար նախատեսված է 300 հազար դրամ վարչական տուգանք։

Միևնույն ժամանակ, տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարբերաբար օրենսդրական փոփոխությունների առաջարկներ է ներկայացնում կառավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment