Երկու կապիբարա զբոսնել են Բրազիլիայի Մատու Գրոսո նահանգի Օրենսդիր ժողովի շենքում և ֆիքսվել տեսախցիկով, հաղորդում է G1 պորտալը։
«Կույաբա քաղաքում գտնվող Մատու Գրոսո նահանգի Օրենսդիր ժողովի շենքում նկարահանված տեսանյութում երկու կապիբարա հանգիստ զբոսնում էին տարածքում», — նշում է հրատարակությունը։
Կապիբարաների հայտնվելը ժողովի շենքի մոտ հազվադեպ երևույթ չէ։ Շենքը գտնվում է այն այգու կողքին, որտեղ ապրում են այս կենդանիները։
«Նրանք պարբերաբար դուրս են գալիս այգուց և երբեմն մտնում վարչական շենքեր», — հավելում է պորտալը։
Կապիբարան (Hydrochoerus hydrochaeris) աշխարհի ամենամեծ կրծողն է և լայնորեն տարածված է Հարավային Ամերիկայի երկրներում։ Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ այս տեսակը դասակարգվում է ամենաքիչ վտանգավորների շարքում։