Ադանացի թուրք խոհարար Ուղուր Այդընը Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու, փոխանցել է Ermenihaber կայքը:
Նա հայտարարել է, որ համատեղ քաբաբ ուտելը կարող է նպաստել խաղաղությանը։
«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի, և բոլոր հարցերը կլուծվեն։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- ասել է խոհարարը։
Այդընի հայտարարությանը ադանացի այլ բնակիչներ ևս միացել են։ Նրանցից մեկը նշել է, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն «իսկական Ադանա քաբաբի համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար» պետք է այցելել հենց Ադանա։ Նա ևս Ռուբինյանին և Հայաստանի քաղաքացիներին հրավիրել է Ադանա՝ նույն նպատակով։
Ազգային ժողովում oգոստոսի 2-ին Ռուբինյանն, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում անցկացված ժամանակահատվածին, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը և հատկապես ընդգծել էր Ադանայի քաբաբը։
Ռուբինյանին անդրադարձել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ում խոսքով՝ Ադանան պետք է ասոցացվի ոչ թե ուտեստի անվանման հետ, այլ՝ որպես հայկական պատմական հայրենիքի մի մաս։
