Ադրբեջանի իշխանությունները հավանություն են տվել Փաշինյանի քաղաքական կուրսին

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների կողմից «Իրական Հայաստան» հայեցակարգի ընդունումը որպես իրենց հիմնական քաղաքական մոտեցում: Նա այս մասին հայտարարել է թուրքական «Միլլիեթ» թերթին տված հարցազրույցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված հայեցակարգը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության մասն է կազմում: Այն հայրենիքը նույնացնում է հանրապետության 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի, իսկ հայրենասիրությունը՝ քաղաքացիների բարեկեցության ապահովման հետ։

Այս հայեցակարգը մեջբերում են նաև Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ արդարացնելով նոր Սահմանադրության անհրաժեշտությունը: Բաքուն նույնպես պահանջում է փոփոխություններ կատարել Հիմնական օրենքում՝ դա նշելով որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման պայման։

«Մենք գիտակցում ենք, որ հայկական կողմը նույնպես ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրականությունը և իր քաղաքականությունը ձևավորում է այս ուղղությամբ», – հայտարարել է Հաջիևը։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները ճանաչել են իրենց նախորդ կուրսի ենթադրյալ «սխալը» և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը երկրի զարգացման համար։ Հաջիևը պնդել է, որ Ադրբեջանի կողմից այժմ օկուպացված Արցախի նկատմամբ Երևանի քաղաքականությունը տարիներ շարունակ «պատանդ» է պահել Հայաստանին։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը նույնպես որակել է որպես «նոր աշխարհաքաղաքական իրականության» մաս։

Leave a Comment