Հակակոռուպցիոն դատարան օգոստոսի 4-ին գործ է ստացվել Կամո Արեյանին և Նաիրա Տեր-Ստեփանյանին վերաբերող մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Գործը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքասատի 1-ին տեղակալի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարության՝ 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ» սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք։
Նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորություների անցմանը և լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարմանը։ Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. պետության կողմից ստեղծված «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված, դեռևս Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի սպասարկման համար անհրաժեշտ կենսական նշանակություն ունեցող հողամասից, խաթարվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու ընթացակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
Հայաստանի Հանրապետությունը զրկվել է 105.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:
Նաիրա Տեր-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ գլխավոր մասնագետի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով համապատասխան հանձնաժողովի քարտուղար, ըստ մեղադրանքի, մասնակցել է պետական հողամասի օտարման գործընթացում կատարված խախտումներին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Տեր-Ստեփանյանը ևս կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից, ըստ մեղադրանքի, պաշտոնական լիազորությունների անցմանը և լիազորություններից դուրս գործողությունների իրականացմանը։
Նախաքննության տվյալներով՝ նրա գործողությունների հետևանքով ևս առաջացել են նույն հետևանքները՝ պետությանը պատճառվել է էական վնաս, իսկ ՀՀ-ն զրկվել է 105 միլիոն դրամ գնահատված հողամասի սեփականության իրավունքից։
Մեղադրական հոդվածները
Կամո Արեյանին և Նաիրա Տեր-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
Մասնավորապես՝
Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով։
Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կամո Արեյանի և Նաիրա Տեր-Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Գործը Հակակոռուպցիոն դատարան ստացվելու օրը՝ 2026 թվականի օգոստոսի 4-ին, մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին տվյալներ այս պահին Դատալեքս համակարգում առկա չեն։ Տեղկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։