«ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը ներկայացնում է կենտրոնի առաջիկա կարևոր իրադարձություններն ու ծրագրերը։
Իսլանդացի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրը, ում ցուցահանդեսը շուրջ 3 ամիս գործում է կենտրոնում, իր աշխատանքներից 5 մեծածավալ արվեստի օբյեկտ նվիրել է «ՀայԱրտ»-ին և Երևան քաղաքին։ Ինչպես նշում է Սոնա Հարությունյանը, ցուցահանդեսը քաղաքակրթությունների և թափոնների մասին է․ այն անդրադառնում է, թե ինչպես են քաղաքակրթությունների զարգացման ընթացքում ի հայտ եկել թափոնները, և թե ինչպես է 21-րդ դարի հասարակությունը վերաբերվում դրանց և ինչ կերպ օգտագործում դրանք։
Ցուցահանդեսի խորագիրը կրող աշխատանքներից մեկը՝ «Ժամանակի հայելին», տեղադրված է Սարյան-Մաշտոց խաչմերուկի մայթին։ Այն հայելանման թիթեղ է, որտեղ անցորդները կարող են տեսնել իրենց արտացոլանքը՝ «ՀայԱրտի» շենքի համապատկերում, ինչն ավելի կենսունակ է դարձնում կենտրոնի միջավայրը։ Արվեստագետի գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է․ այն բոլոր քաղաքներում, որտեղ ցուցադրվում են նրա աշխատանքները, նկարահանվում են առանձին ֆիլմեր, որոնք այնուհետև ցուցադրվում են հաջորդ ցուցահանդեսների ընթացքում։
«ՀայԱրտ» կենտրոնի մյուս կարևոր իրադարձությունը սեպտեմբերին կայանալիք Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովն է։ Միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբելու տեղական և արտասահմանյան առաջատար լուսանկարիչների, արվեստաբանների ու համադրողների՝ ստեղծելով փորձի փոխանակման և ժամանակակից լուսանկարչության միտումները քննարկելու հարթակ։
Սոնա Հարությունյանի խոսքով՝ «ՀայԱրտ»-ը պետք է առավելապես կենտրոնանա միջազգային համագործակցության վրա՝ ապահովելով լայն ճանաչում վայելող արվեստագետների ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև հարթակ ծառայի սկսնակ արվեստագետների համար։ Նա ընդգծում է, որ լուսանկարչության ոլորտի զարգացումը պետք է դառնա կենտրոնի գործունեության առաջնային ուղղություններից մեկը։