Իտալիայի Բիտոնտո քաղաքի բնակիչը սխալմամբ աղբն է նետել լոտոյի տոմսը, որը 1 միլիոն եվրոյի շահում է բերել, հայտնել է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով Repubblica պարբերականին։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը տարիներ շարունակ մասնակցել է ակնթարթային լոտոյին՝ օգտագործելով իրեն մոտ կանգնած մարդու հետ կապված թվերի նույն համադրությունը։ Հերթական խաղարկությունից հետո նա չի հասկացել, որ դարձել է գլխավոր մրցանակի տեր։
Սխալմունքի պատճառ է դարձել լոտոյի կանոնների առանձնահատկությունը։ Քանի որ խոշոր շահումները վաճառքի կետերում չեն վճարվում, տոմսի վրա նշում է հայտնվել՝ «ենթակա չէ վճարման»։ Տղամարդը որոշել է, որ տոմսը չի շահել, թողել է այն խանութում և հեռացել։
Տանը, սակայն, հարազատները նրան հայտնել են, որ դուրս եկած համարները համընկել են ընտրված համադրության հետ։ Երբ տղամարդը վերադարձել է խանութ, տոմսն արդեն նետած են եղել աղբարկղը, իսկ աղբն արդեն տեղափոխած են եղել։
Sanb աղբահանության ընկերության ղեկավար Ռոբերտո Նիկոլա Տոսկանոն պատմել է, որ մասնագետները վերականգնել են աղբահանության երթուղին և պարզել այն կոնտեյները, որտեղ հայտնվել էր տոմսը։ Աղտոտման ռիսկի պատճառով աղբն ստիպված են եղել ուղարկել այլ ձեռնարկություն, որտեղ աշխատակիցները ձեռքով սկսել են տեսակավորել այն։
Որոնումներն ավարտվել են միայն հաջորդ օրվա առավոտյան։ Շահող տոմսը գտել են վնասված տոպրակի մեջ՝ այլ տոմսերի հետ միասին, որոնց մեծ մասն անօգտագործելի է դարձել։ Repubblica-ի փոխանցմամբ՝ միայն 1 միլիոն եվրոյի շահումով տոմսն է պահպանվել անվնաս։
Ավելի վաղ ֆրանսիացի Արի Հոդարան ընդամենը 100 եվրոյով լոտոյի տոմս գնելով դարձել էր իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ «Կնոջ գլուխը» կտավի տերը։
