Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Անիի կամրջի վերականգնման ընթացքը – armeniatoday.am

Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, հայտնում է «Արմենպրես»-ը։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ մայիսի 4-ին ստորագրված արձանագրության կարևորությունը և պայմանավորվել շարունակել դրա հնարավորինս արագ իրականացմանն ուղղված աշխատանքները։

Կամրջի վերականգնման շուրջ քննարկումները շարունակվում են 2023 թվականից՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցից հետո։ Անիի պատմական կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա, և համարվում է միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ։

Ապրիլի 28-ին Կարսում կայացած մեկ այլ համատեղ աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Հայաստանն ու Թուրքիան քննարկել էին նաև Գյումրի-Կարս երկաթգծի հնարավոր վերագործարկումը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման կարևորությունը։

Հայաստանն ու Թուրքիան Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունն ստորագրել էին մայիսի 4-ին Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հայկական կողմից փաստաթուղթն ստորագրել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

 

Leave a Comment