«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն առաջարկել է Լոռու մարզում բարեգործական նվիրատվությունների արգելքը մեկ ամսով հետաձգել՝ բերքահավաքը չխաթարելու համար։
Օգոստոսի 4-ին ընտրություններ նշանակելու որոշումից հետո մարզում ուժի մեջ են մտել բարեգործական նվիրատվությունների սահմանափակումներ։ Դրա պատճառով գյուղին նվիրած կոմբայնը չի կարող սկսել աշխատանքը, չնայած խոտհունձն արդեն սկսվել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ի իր ճեպազրույցում հայտարարել էր, որ իշխանությունը հասնելու է նրան, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները զրկվեն համայնքներում բարեգործություն կատարելու հնարավորությունից։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը օգոստոսի4-ին պատասխանել էր, որ շարունակելու է զբաղվել բարեգործությամբ։
Պատգամավորն ընդգծել է, որ հունձը սկսվելուն պես մարզպետի համապատասխան որոշմամբ մտել է բարեգործության արգելքը, ինչը կանգնեցրել է գյուղացիներին ցուցաբերվող աջակցությունը։
«Կա՛մ կարգավորեք այդ խնդիրները, կա՛մ թողեք մենք կարգավորենք»,- ասել է Գևորգյանը՝ կոչ անելով իշխանություններին լուծել խնդիրը, որպեսզի բարեգործական ծրագրերի կազմակերպիչները պատասխանատվություն չկրեն բնակիչներին օգնելու համար։
Գևորգյանը հավելել է, որ բացի գյուղատնտեսական տեխնիկայից, առկա են նաև տրանսպորտային աջակցության այլ բարեգործական ծրագրեր, և կոչ է արել իշխանություններին կա՛մ ինքնուրույն լուծել այդ սոցիալական խնդիրները, կա՛մ հնարավորություն տալ ընդդիմությանը կարգավորելու դրանք։
