Եթե մեր գերնպատակը սեփականությունն ու ունեցվածքը պահելը լիներ, քաղաքական պայքարի մեջ չէինք մտնի, այլ գույքը կվաճառեինք և կհեռանայինք։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների և նրանց հետ կապվող բիզնեսների նկատմամբ իրականացվող քայլերին։
«Մենք, այս պայքարի մեջ մտնելով, հասկացել ենք, որ մեր դեմ ոչ թե օրենքն է գործում, այլ մի մարդու ցանկությունը։ Տեսնելով այն լկտիությունը, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, շատ լավ հասկանում ենք, որ սա կարող է լինել բոլորի, առավել ևս՝ մեր հետ։ Բայց այս պայքարը ունեցվածքի կամ ավել բան ունենալու մասին չէ, այլ ավելի խորը՝ գաղափարական»,— նշել է նա։
Պատգամավորի փոխանցմամբ՝ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց ՊԵԿ-ի ծառայողները ստուգումներ են սկսել այն բոլոր ընկերություններում, որտեղ իրենց ընտանիքի անդամներն ունեն մասնակցություն։
«Ընտրություններից հետո՝ մեկ շաբաթ անց, ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումները համազգեստով, զինված մտել են ամեն տեղ՝ ընդհուպ կնոջս՝ Սիրուշոյի խանութներն ու գրասենյակը։ Ոչ մի խախտում չեն կարողացել հայտնաբերել, որովհետև չկա։ Դա ավելի շատ աչք վախեցնելու գործողություն էր»,— եզրափակել է պատգամավորը։