«Ուժեղ Հայաստան»-ը դեռ քարոզարշավի օրերին հայտարարում էր, որ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել իշխանություն–ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունների նոր մշակույթ և ընտրել կառուցողական աշխատանքի ճանապարհը։
«Հայկական քաղաքական միտքը այսքան ժամանակ, եթե ազնիվ լինենք, ընդդիմադիր և իշխանական հակադրության չունենք մենք օրակարգում քաղաքակիրթ հակադրության օրակարգ դեռ։ Մեր քաղաքական միտքը նոր է պատասխան տալիս էդ հարցին, թե ինչպես պետք է ընդդիմությունը և իշխանությունը, որը էֆեկտիվ չէ մեր կարծիքով, իրար հետ շփվեն՝ առանց մարդկանց հիասթափեցնելու»։
Այս հայտարարությունները շատերը մեկնաբանեցին որպես ակնարկ նախորդ խորհրդարանի ընդդիմության աշխատանքի հասցեին։ Սակայն «Հայաստան» խմբակցությունում նման գնահատականների հետ չեն համաձայնում։
«Ես նախ չեմ տեսել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների, նաև կուսակցության անդամների կողմից քննադատական, էսպես, գնահատականներ մեր գործունեության հետ կապված։ Էդպիսի սուր գնահատականներ, ինչպես դուք ձևակերպեցիք ձեր հարցադրման մեջ, ես չեմ տեսել։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունն է գնահատում, թե ով ինչպես է աշխատել»։
Խմբակցությունում ընդգծում են՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է ընտրելու իր պայքարի մարտավարությունը, մինչդեռ իրենք չեն պատրաստվում հրաժարվել որդեգրած կոշտ ընդդիմադիր գծից։
«Յուրաքանչյուր խմբակցություն, յուրաքանչյուր միավոր, յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե ինչպիսի ոճով, մարտավարությամբ, ռազմավարությամբ է պատկերացնում իր պայքարը, հարցերի լուծումը։ Ես միայն կարող եմ հաջողություն մաղթել, իհարկե, մեր գործընկերներին։ Որևէ գնահատական տալ իրենց գործողությունների մասով չեմ կարող, չեմ ցանկանում, էթիկապես ճիշտ չեմ համարում»։
Իսկ ընդդիմության հնարավոր համատեղ գործողությունների հարցում, այդ թվում՝ իմպիչմենտի շուրջ, «Հայաստան»-ում ասում են՝ պատրաստ են համագործակցության։
«Բոլոր գործընթացների մասով մենք, իհարկե, պատրաստ ենք համագործակցել մեր գործընկերների հետ։ Մենք ևս տարբեր նախաձեռնություններ ենք ունենալու և ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերներն իրենց մասնակցությամբ կքաջալերեն, կաջակցեն այդ բոլոր գործընթացներին»։
Չնայած նախընտրական շրջանի տարբեր շեշտադրումներին՝ «Հայաստան» խմբակցությունը վստահեցնում է՝ ընդդիմադիր երկու ուժերի միջև հակասություններ չեն տեսնում, իսկ գլխավոր նպատակը մնում է նույնը։
«Որևէ խնդիր մեր և «Ուժեղ Հայաստան» խմբակցության միջև գոյություն չունի, և ես վստահ եմ, որ մենք միասնաբար հասնելու ենք մեր ցանկությունների և նպատակների՝ նպատակները կյանքի կոչելու։ Իսկ մեր թիվ 1 նպատակը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, դա այս իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»։
Թեև «Հայաստան» խմբակցությունը վստահեցնում է, որ ընդդիմադիր երկու ուժերի միջև տարաձայնություններ չկան, «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարություններում կառուցողական ընդդիմության մասին հնչող շեշտադրումները որոշակի հարցեր են առաջացրել։ Արդյոք դրանք կվերածվեն նոր քաղաքական մշակույթի, թե կբացահայտեն մարտավարական տարբերություններ, պարզ կդառնա արդեն խորհրդարանական առաջիկա աշխատանքի ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
