Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ընդունել «Քաղաքացիական պաշտպանության մասին» նոր օրենք և հարակից օրենքներում կատարել փոփոխություններ։ Փաթեթով նախատեսվում է արդիականացնել քաղաքացիական պաշտպանության համակարգը, հստակեցնել պետական և համայնքային մարմինների լիազորությունները, զարգացնել ազդարարման համակարգերը, ինչպես նաև կարգավորել ապաստարանների ու թաքստոցների ստեղծման և օգտագործման հետ կապված հարցերը։
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը․
Քաղաքացիական պաշտպանության բնագավառի հիմնական նպատակը մարդկանց անվտանգության, հնարավոր վնասների նվազեցման և տնտեսության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է՝ հատկապես ռազմական դրության պայմաններում։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացման միտումը, անհրաժեշտություն է առաջացել կատարելագործել ոլորտի օրենսդրական դաշտը։
Քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացումը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության բոլոր շերտերը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կազմակերպությունները մասնակցում են համապատասխան միջոցառումների նախապատրաստման և իրականացման գործընթացներին։
Քաղաքացիական պաշտպանության զարգացման միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ համակարգը պետք է կարողանա գործել ինչպես ռազմական դրության, այնպես էլ խաղաղ պայմաններում։ Այդ նպատակով անհրաժեշտ է կատարելագործել քաղաքացիական պաշտպանության իրավական կարգավորումները։
Ելնելով վերոշարադրյալից մշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։
2002 թվականի մարտի 5-ին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքը լիարժեքորեն չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք նպատակ ունեն բարձրացնել բնակչության պաշտպանության մակարդակը, օրենքն իր կառուցվածքով և բովանդակությամբ մեծամասամբ արտացոլում է խորհրդային իրավական համակարգի մոտեցումները և չի համապատասխանում ժամանակակից անվտանգության մարտահրավերներին։ Բացի այդ 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերլուծությունները ցույց տվեցին, որ քաղաքացիական պաշտպանության համակարգը պատրաստ չէր գործելու 2020 թվականին հայտարարված ռազմական դրության պայմաններում։ Հստակեցված չէր կառավարության, պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործառույթները քաղաքացիական պաշտպանության ոլորտում, որի արդյունքում ի հայտ են եկել քաղաքացիական պաշտպանության համակարգի բազմաթիվ խաթարումներ։
Տնտեսական փոփոխվող պայմանները պահանջում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման մեխանիզմների կատարելագործում պետական, տեղական և կազմակերպական մակարդակներում, քաղաքացիական պաշտպանության հիմքերի հստակեցում, ինչպես նաև իրավասությունների և պարտականությունների սահմանազատում համապատասխան կառավարման մարմինների միջև։
Քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ռազմական դրության պայմաններում կնվազեցնեն մարդկային և նյութական կորուստները, կապահովեն տնտեսության կայուն գործունեությունը և կառավարման համակարգերի անխափան աշխատանքը։
Քաղաքացիական պաշտպանության համակարգը՝ որպես ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի արդյունավետ գործելու ռազմական դրության, ահաբեկչական գործողությունների պայմաններում։
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գործող այլ օրենսդրական ակտերին համապատասխանեցնելու նպատակով մշակվել են նաև հարակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծի 37-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատասխանատվության հստակեցման նպատակով կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ։
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ մասնավորեցվող կազմակերպությունների ապաստարանները և հակաճառագայթային թաքստոցները մասնավորեցման ենթակա չեն, դրանք առանձնացվում են մասնավորեցվող կազմակերպությունների գույքի կազմից և հանձնվում պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմնի տնօրինությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կատարել լրացում «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում։
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծի 30-րդ հոդվածով սահմանված տարածքային կառավարման մարմինների իրավասությունները «Տարածքային կառավարման մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքների նախագծերի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Օրենքների նախագծերը բխում են «Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050»-ի Մեգանպատակ 02-ից՝ «Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար»։
Օրենքների նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը․
Քանի որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են այն իրավահարաբերություններին, որոնք ներառում են պարտադիր ճանաչման, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն, դրանց կարգավորումը պետք է իրականացվի օրենքով։
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծով սահմանվել են դրույթներ՝ հիմնական հասկացությունների, քաղաքացիական պաշտպանության խնդիրների, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության ղեկավարման, Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրավասությունների վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովմանը և ֆինանսավորմանը վերաբերվող հարաբերությունները:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծում ներառվել է «Քաղաքացիական պաշտպանության կառույցների ստեղծումը» վերտառությամբ հոդված, որը նպատակ ունի կարգավորելու՝ քաղաքացիական պաշտպանության կառույցների շինարարության, նախկինում կառուցված և նպատակային օգտագործման համար ոչ պիտանի ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների վերակառուցման և վերանորոգման, ռազմական դրության պայմաններում պարզագույն թաքստոցների (նկուղների) հարմարեցում նորմատիվատեխնիկական պահանջների, արագ կառուցվող թաքստոցների տեղորոշման և պատրաստման պլանավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով կհստակեցվեն համայնքների ղեկավարների լիազորությունները քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում, կարգելվեն ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների մասնավորեցումը, ինչպես նաև կհստակեցվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության կարգը:
Օրենքների նախագծերում փոփոխությունների արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման պլանավորման հարցերը, այդ թվում` քաղաքացիական ազդարարման համակարգի արդիականացումը, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների նպատակները, իրականացման կարգը, պատասխանատու կատարողները, պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները, Լիազոր մարմնի, պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց լիազորությունների շրջանակները, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի, համաչափության սկզբունքի դրույթներին։
Սեփականության ժամանակավոր սահմանափակումները իրականացվում են բացառապես ռազմական դրության պայմաններում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով սահմանված կարգով և համարժեք փոխհատուցմամբ։
Նախագծի ընդունումը ենթադրում է՝ քաղաքացիական պաշտպանության կառույցների արդիականացում, կառավարման պահեստային կետերի ստեղծում, ազդարարման համակարգերի զարգացում, պահուստների կուտակում։ Ծախսերը կիրականացվեն պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բնակչության պաշտպանվածության բարձրացում, պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կայունության ապահովում, ռազմական դրության պայմաններում համակարգված գործողությունների իրականացում։
Նախագծերի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսում: