Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշանի ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սլովենիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից թույլ տվեք հղել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում։

Ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունն իրենց երկրի եվրոպական ուղուն։ Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը։ Գովելի են նաև Ձեր նշանակալի ջանքերն ու նվիրվածությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության առաջխաղացման գործում։

Համոզված եմ, որ կբացվեն բազմաթիվ հնարավորություններ մեր հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ազգերի։

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը»։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում ասված է.  

«Ձերդ Գերազանցություն,

Մեծ հաճույքով իմացա Ձեր վերանշանակման մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։

Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր և կայուն աճ, իսկ գործնական համագործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ։

Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետ սկզբունքներով, խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր ջանքերում»:

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։

Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առիթով։

Ձեր վերանշանակումն այս բարձր պաշտոնում ևս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին, որն անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված կառուցողական համագործակցության հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս ամեն կերպ կնպաստենք այդ գործընթացի արդյունավետ առաջմղմանը՝ ի շահ մեր ժողովուրդների հիմնարար շահերի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և անշեղ բարգավաճում»։

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։

Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։

Օգտվելով առիթից՝ հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի ժողովրդի իրականացվող Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձերդ Գերազանցությանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում։

Ձերդ Գերազանցության անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների խորացման համար։

Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, և ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և զարգացմանը՝ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցության շրջանակներում։

Անկեղծորեն մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության բարգավաճում»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment