Արգելափակել է ՀՀ-ից ներմուծված ավելի քան 70 000 շիշ ըմպելիքների վաճառքը – armeniatoday.am

Ռուսաստանի «Չեստնիյ զնակ»պիտակավորման ազգային համակարգը «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով արգելափակել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը, «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Ըստ հրապարակման՝ արգելափակումը տարածվում է միայն որոշակի ամսաթվերով արտադրված խմբաքանակների վրա և չի վերաբերում այլ արտադրանքների։ Դրանք են «Բջնի» հանքային խմելու և բուժիչ սեղանի ջուրը, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջուրը (ներառյալ մանկական ջուրը), «Մոխիտո» զովացուցիչ ըմպելիքները։

Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (CRPT) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովի փոխանցմամբ՝ խմբաքանակների վաճառքն արգելված է ինչպես մանրածախ խանութներում, այնպես էլ առցանց տիրույթում՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։

«Պիտակավորման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղային մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս անհապաղ սպառողների պաշտպանության մեխանիզմ ստեղծել»,- նշել է Յուսուպովը։

Արգելափակման պատճառների հիմքում ընկած են ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս հասցնելու վերաբերյալ մտահոգությունները։ Ըստ մամուլի ծառայության ներկայացուցչի՝ արտադրողները խախտել են արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները, պարզաբանել են կարագավորողները։

Ապրիլի 28-ին «Չեստնիյ զնակը», դարձյալ «Ռոսպոտրեբնադզորի» հրահանգով, արգելափակել էր Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը (շրջանառության մեջ էր 338 000 շիշ)։ Այն ժամանակ ևս որոշումը հիմնավորվել էր «քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու անհրաժեշտությամբ»։

2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկի» մի քանի խմբաքանակի վաճառքը՝ գործարարի մահվան հաղորդումից հետո։ ՌԴ-ում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

«Ջերմուկ գրուպը»-ը 2024-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ բացառել էր «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը։ ՀՀ ՍԱՏՄ-ն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել:

2025-ի հունվարին «Կոմերսանտը» գրել էր, որ տուժածի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց էր ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին՝ ՍԱՏՄ-ի փաստաթղթերով ապացուցվել է, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

Leave a Comment