Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն ազդանշաններ է ստանում Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթաց սկսելու և հնարավոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է haberglobal հեռուստաալիքնին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Հաջիևի՝ իրենք սպասում են Հայաստանի Մայր օրենքում համապատասխան փոփոխությունների կատարմանը։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ «տարածքային պահանջները» Սահմանադրության նախաբանից հանելուց հետո վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու ոչ մի խոչընդոտ չի մնա։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է փաստացի (դե ֆակտո) խաղաղություն։

2025-ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է TRIPP ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարների կողմից։ Հունիսին ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը։

Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման պետք է լինի ՀՀ սահմանադրության փոփոխությունը․ Բաքուն պահանջում է մայր օրենքից հանել հղումն Անկախության հռչակագրին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության հռչակագիրն անվանել էր «կոնֆլիկտային» դրույթ և նշել, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անհրաժեշտ է անցկացնել ԱԺ ընտրություններից հետո։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

 

Leave a Comment