Արշակյանը հայտարարել է մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին – armeniatoday.am

Ազգային ժողովի փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախկին նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է պետական ծառայության ավարտի և մասնավոր, կրթական և հասարակական ոլորտ տեղափոխվելու մասին։ Նա այս մասին գրել է սոցցանցերի իր էջերում։

«Առաջիկայում իմ գործունեությունը շարունակելու եմ մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում՝ իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելով Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացին, նորարարության զարգացմանը և մարդկային կապիտալի ամրապնդմանը»,- նշել է նա։

Արշակյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում արձանագրված հիմնական արդյունքները։

Նրա պնդմամբ՝ 2018 թվականից ի վեր իրականացվել են աննախադեպ ծավալի ներդրումներ՝ արմատապես փոխելով ճանապարհային ցանցի որակն ու ծավալները։

ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքի արդյունքում ձևավորվել է տարեկան 150-200 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառությամբ ոլորտ, ստեղծվել են տասնյակ ձեռնարկություններ և գիտահետազոտական կենտրոններ, հայտարարել է նա։

Արշակյանի խոսքով՝ 2018թ․ ՀՆԱ-ում ոլորտի 1.7% մասնաբաժինը հասել է 7.5%-ի։ Հայաստանից արտահանվում է շուրջ 2.5 միլիարդ դոլարի բարձր տեխնոլոգիական ծառայություն և արտադրանք, իսկ ոլորտում ընդգրկված է շուրջ 50 000 մասնագետ։

Արշակյանը հիշեցրել է, որ իր օրոք Հայաստան են մուտք գործել տեխնոլոգիական հսկաներ (NVIDIA, AMD, Microchip, Cadence), թողարկվել է երկրի դիտարկման առաջին արհեստական արբանյակը և ստեղծվել դրա կառավարման կենտրոնը։

Արշակյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում չառաջադրվելու մասին։ Նա նշել էր, որ պատճառները շատ են։ 

Leave a Comment