ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնից զրկելու համար կպահանջվի կոնսենսուսային որոշում. Վասիլև

ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանը հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը: Դրա վերաբերյալ որոշումը, եթե դա պահանջվի, կընդունվի կոնսենսուսով»,- գործակալությանը հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է քվոտային պաշտոններում պետության քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ 

«Փաստացի այս իրավիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, որովհետև Հայաստանն իր քաղաքացիներին չի առաջադրում Քարտուղարության քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբից հետ է կանչել իր ներկայացուցիչներին»,- նշել է Վասիլևը։

Հիշեցնենք, որ փաստացի Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Դեռ 2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Երևանի կարծիքով՝ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական կողմի հարձակումների մասին էին։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին վճարումներ չկատարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կանոնադրության այն հոդվածի գործարկումը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:

Լուսանկարը՝ РИА Новости գործակալության



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment