
Սեւ ծովում ծովային անօդաչու սարքերի հարձակման ենթարկված թուրքական Nadhezna բեռնանավի անձնակազմի բոլոր 22 անդամները տարհանվել են Նովոռոսիյսկի նավահանգիստ՝ «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովային միջոցների» օգնությամբ, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածի վիճակը ծանր է։ Հարվածը հասցվել է նավի քթամասին եւ անձնակազմի խցիկներին։ Բեռնանավում բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։
«Տարածքում անօդաչու սարքերի հարձակումների շարունակվող վտանգի պատճառով փրկարարական գործողություն իրականացնելն անհնար է»,- հայտնել են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից։
Cumhuriyet թերթի տվյալներով՝ Nadhezna-ն Սամսունից Նովոռոսիյսկ էր տեղափոխում թարմ մրգեր եւ բանջարեղեն։ Նավի կապիտան Յալչըն Շահինը պնդում է, որ նավը ենթարկվել է հինգից վեց անօդաչու սարքերի հարձակման, որոնք, նրա խոսքով, պատկանել են Ուկրաինային։