
Վրաստանի Կուլեւի նավահանգստում գտնվող երկրի միակ նավթավերամշակման գործարանը նախատեսում է մինչեւ սեպտեմբերի վերջ ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից՝ այն փոխարինելով ղազախականով եւ լիբիականով։
Գործարանը տնօրինող Black Sea Petroleum ընկերությունը հայտնել է, որ հում նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։
Կուլեւիի նավթավերամշակման գործարանը հուլիսի սկզբից արդեն սկսել է ղազախական ծագման հում նավթի վերամշակումը։
Հուլիսի 3-ին միջազգային առեւտրային ընկերության հետ ստորագրված հում նավթի մատակարարման համաձայնագրի համաձայն՝ լիբիական ծագման հում նավթով բեռնված տանկերը Կուլեւի կհասնի օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում։ Համաձայնագիրը գործում է մինչեւ 2027 թվականի վերջը եւ նախատեսում է նաեւ դրա երկարաձգման հնարավորություն։
BSP-ն հայտարարել է, որ կշարունակի իրականացնել հումքի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի եւ մյուս իրավասու մարմինների հետ «կառուցողական համագործակցությամբ», ինչպես նաեւ կներկայացնի առաջընթացի հստակ եւ ստուգելի ապացույցներ։