Զելենսկին հիշատակել է Հայաստանը՝ նախկին խորհրդային երկրների հետ ամուր կապեր կառուցելու համատեքստում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի, Հայաստանի և այլ նախկին խորհրդային երկրների հետ ամուր հարաբերություններ կառուցելու իր մտադրության մասին։ Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում։

«Ուկրաինայի այսօրվա ներկայությունը նախկին խորհրդային տարածքում այդ երկրների անկախության արտացոլումն է: Մեզ համար կարևոր է պահպանել նման հարաբերությունները, և ես հպարտ եմ, որ մենք դրանք կառուցում ենք այսպես», — ընդգծել է քաղաքական գործիչը։

Զելենսկին հավելել է, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ։ Նա նաև նշել է Հայաստանի հետ կապերի վերականգնումը՝ «առաջին անգամ երկարատև դադարից հետո»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ էր արել ուկրաինացիներին «երբեք չհամաձայնվել օկուպացիայի հետ»՝ համեմատելով Ուկրաինայի իրավիճակը Ադրբեջանի իրավիճակի հետ, երբ վերջինիս վրա ճնշում էր գործադրվում տարածքներ զիջելու Հայաստանին։ Նրա խոսքով ՝ ադրբեջանցիների մոտ պահպանվել է այն ըմբռնումը, թե «ինչ է նշանակում գաղութ լինել»։

Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անհամաձայնության առարկա է Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան հավատարիմ է պրագմատիկ մոտեցմանը և չի կարծում, որ տարաձայնությունները պետք է ստվեր գցեն երկրների միջև երկկողմ հարաբերությունների վրա։

Leave a Comment