Իրկուտսկի մարզում անհետացել է Cessna 182 ինքնաթիռը

Իրկուտսկի մարզում Cessna 182 ինքնաթիռը նախատեսված ժամին կապի դուրս չի եկել։ Այդ մասին Max հարթակում հայտնել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։

«Մոտ մեկ ժամ առաջ մարզային անտառային համալիրի նախարարության դիսպետչերական ծառայությունից տեղեկություն ստացանք, որ Բոդայբոյի շրջանում անտառային հրդեհների մշտադիտարկում իրականացնող Cessna 182 ինքնաթիռը նախատեսված ժամին կապի դուրս չի եկել և չի վերադարձել մեկնման վայր», – գրել է Կոբզևը։

Ինքնաթիռում եղել է երկու մարդ՝ օդաչու-դիտորդը և օդանավի հրամանատարը։

Նահանգապետի խոսքով՝ օդանավը պետք է տեղական ժամանակով ժամը 20:50-ին վերադառնար Մամա ավան, որտեղից ցերեկը մեկնել էր պարեկային թռիչքի։ Թռիչքների հետևման համակարգի տվյալներով՝ անձնակազմը զննել է Բոդայբոյի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը, այնուհետև օդանավը շարժվել է դեպի Բոդայբո քաղաք։ Քաղաքի վրայով մեկ շրջան կատարելուց հետո այն թեքվել է դեպի հարավ-արևելք։ Վերջին կոորդինատները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:58-ին։

Կորած Cessna 182-ի որոնողական աշխատանքներին մասնակցելու համար Յակուտիայից կուղարկվի ևս մեկ ինքնաթիռ, իսկ առավոտյան որոնումներին կմիանան նաև երկու ուղղաթիռ։

«Գործընկերներիս հետ հետևում ենք իրավիճակին և հուսով ենք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի», – հավելել է Կոբզևը։

Leave a Comment