Գները նորից կպայթե՞ն․ ինչ է կատարվում բնակարանային շուկայում (Տեսանյութ)

Գները նորից կպայթե՞ն․ ինչ է կատարվում բնակարանային շուկայում (Տեսանյութ)

Ըստ Ռուսական «Վյորստկա» (Верстка) լրատվամիջոցի՝ Ռուսաստանում հնարավոր նոր մոբիլիզացիայի մասին լուրերի ֆոնին ռուսաստանցիները կրկին ակտիվորեն հետաքրքրվում են Երևանում բնակարանների վարձակալությամբ։ Որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, և արդյո՞ք դրանք արդեն ազդեցություն ունեն Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։

Անշարժ գույքի շուկայի փորձագետ, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Ռուստամ Գրիգորյանը վստահեցնում է՝ շրջանառվող տեղեկությունները հիմնված չեն ստուգված փաստերի վրա։

«Նման տեղեկություններ չկան, այսինքն՝ և մեր ընկերության մասշտաբով, և՛ մեր բազմաթիվ գործընկերների հետ շփումների ժամանակ։ Ես նույնիսկ Ռուսաստան եմ շփվել գործընկերների հետ, նման տեղեկություններ չկան, ընդ որում, ուղղակի, կարելի է գուգոլում գրել էդ տեղեկությունը, այսինքն՝ կամ մոբիլիզացիա, թե չէ, պաշտոնական մակարդակով հերքվել է դա Ռուսաստանի կողմից, և շուկայում էլ նման միտումներ չկան»։

Գրիգորյանը չի բացառում, որ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, եթե Ռուսաստանում իսկապես նոր մոբիլիզացիա հայտարարվի։ Սակայն, նրա խոսքով, այս պահին նման սցենարի շուրջ շուկան «տաքացնելը» մասնագիտական մոտեցում չէ։

«Ոչ մի բան, իհարկե, չի բացառում, բայց դա Ռուսաստանի ներքաղաքական բաներնա հիմա, դա վերցնել Հայաստանի վրա, պրոյեկտել էս պահի դրությամբ, ինչքանով է ճիշտ շուկան մանիպուլացնել։ Հասկանում ենք, չէ՞, որ արհեստականորեն կարան վարձատուները էդ ինֆորմացիան օգտագործեն ու շուկան որոշակի տատանումների ենթարկեն»։

Փորձագետը հիշեցնում է, որ 2022 թվականին ռուսաստանցիների զանգվածային տեղափոխության ընթացքում վարձակալության գներն իսկապես կտրուկ աճեցին՝ որոշ հատվածներում գրեթե կրկնապատկվելով։ Սակայն ներկայիս իրավիճակը, ըստ նրա, այդ ժամանակաշրջանի հետ համեմատելի չէ։

Նրա գնահատմամբ՝ այժմ վարձակալության շուկան գտնվում է հարաբերական հավասարակշռության մեջ․ առաջարկն ու պահանջարկը գրեթե նույն մակարդակի վրա են, և գների բնական աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ ու զբոսաշրջության աճով, ոչ թե նոր ներգաղթային ալիքով։

Այս ռիսկերը նվազեցնելու համար Գրիգորյանը խորհուրդ է տալիս բոլոր վարձակալական հարաբերությունները ձևակերպել օրինական՝ նոտարական վավերացմամբ և պետական գրանցմամբ, որպեսզի հնարավոր վեճերի դեպքում պաշտպանված լինեն թե՛ վարձակալները, թե՛ սեփականատերերը։

«Էդ պայմանագրերում դուրս գալու կետերը այնպես նշել, որ մեկը մյուսին, այսինքն՝ վարձատուն իրավունք չունենա ուղղակի տեղը վարձակալին դուրս հանել և դիմել կամ իրավաբանի, կամ ռելտորական ընկերության, ովքեր որ իրենց հաճախորդի շահերը կներկայացնեն էդ պայմանագրերը կնքելիս»։

Անդրադառնալով 2022 թվականի փորձին՝ երբ բազմաթիվ սեփականատերեր բնակարանները հանձնում էին զգալիորեն ավելի բարձր գներով, փորձագետը նշում է, որ պետությունը կարող է քննարկել սոցիալական պաշտպանության որոշ մեխանիզմներ, օրինակ՝ որոշակի ժամանակահատվածներում գների առավելագույն շեմերի կիրառման հնարավորությունը։ Սակայն ընդգծում է՝ սա բարդ իրավական հարց է և չպետք է խախտի ազատ շուկայական հարաբերությունները։

«Դրա դեմ գործիքը հետևյալն է, որ պետք է սահմանել որոշակի գների առաստաղ, որ տվյալ շրջանում տվյալ մակերեսով բնակարանը չի կարող էսքան գնից բարձր հանձնվել տվյալ ժամանակահատվածում, ու էդ փորձը կա Եվրոպայում, էդ փորձը կա Ամերիկայում։ Այսինքն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտ ունի էդ գործիքակազմը, մի կարծում եմ, կարա կարա տենց վարչարարություն իրականացվի, որը որ կպաշտպանի մեր տեղի բնակիչների շահերը»։

Փորձագետը նաև նշում է, որ բնակարանների վարձակալության իրական վիճակագրությունը Հայաստանում լիարժեք չէ, քանի որ բազմաթիվ պայմանագրեր չեն գրանցվում, ինչի հետևանքով պետությունը չի կարող ամբողջական պատկեր ունենալ շուկայի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment