Էրդողանը նախագահի պաշտոնում կկարողանա առաջադրվել 2028 թվականի ապրիլին – armeniatoday.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, որը նախատեսվում է կազմակերպել 2028 թվականի ապրիլին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավական հարցերով նրա գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումին։

Փաստաբանը բացատրել է, որ Թուրքիայում ընտրությունների համար նախատեսված ամսաթիվը 2028 թվականի մայիսի 7-ն է։ «Մեր առաջարկած 2028 թվականի ապրիլի 16-ի ամսաթիվը քաղաքական իմաստով «արտահերթ ընտրություններ» չեն։ Խորհրդարանը պետք է որոշում կայացնի 2028 թվականի փետրվարի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում», – ասել է Ուչումը։

Նա նշել է, որ գործող սահմանադրությունը Էրդողանին իրավունք է տալիս առաջադրվել նախագահի պաշտոնում երրորդ անգամ անընդմեջ, եթե խորհրդարանը որոշի «նորացնել ընտրությունները», այսինքն՝ մինչև նրա երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։ Իրավաբանորեն սա կոչվում է բացառիկ առաջադրում, նշել է Ուչումը։

Էրդողանն առաջին անգամ Թուրքիայի նախագահ է դարձել 2014 թվականին։ 2017 թվականին ընդունվել էին սահմանադրական փոփոխություններ, որոնք երկրում մտցրել են նախագահական համակարգ՝ զրոյացնելով Էրդողանի նախագահական ժամկետի սահմանափակումը։ Նա բարձրագույն պաշտոնում վերընտրվել է 2018 և 2023 թվականների ընտրություններում։

Leave a Comment