Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի մերձակայքում գտնվող Արխիպո-Օսիպովկա ավանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի, որոնցից երեքը երեխաներ են։ Տուժել է նաև շուրջ 40 մարդ, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Ուկրաինական կողմից առայժմ մեկնաբանություն չկա այս հաղորդագրության վերաբերյալ:

Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ ուկրաինական ավիահարվածների հետևանքով Ռուսաստանի առողջարանային գյուցերից մեկում և Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմում, զոհվել է վեց մարդ: Մոսկվան Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները սկսել է 2022 թվականի փետրվարին և պարբերաբար հարվածներ է հասցնում հարևան երկրին, այդ թվում՝ Ղրիմի թերակղզուց։

Վերջին ամիսներին Ուկրաինան ակտիվացրել է իր պատասխան հարվածները Ղրիմի ուղղությամբ, որը Մոսկվան բռնակցել էր 2014 թվականին:

Գիշերվա ընթացքում Ղրիմում ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, Telegram-ում հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նա չի նշել, թե հարձակումը կոնկրետ որտեղ է տեղի ունեցել, ինչպես նաև չի հայտնել զոհվածների մասին այլ մանրամասներ։

Leave a Comment