Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ, որը վերաբերում է դատավորների կարգապահական պատասխանատվությանը, նշանակման և առաջխաղացման կարգին։ Ըստ այդմ՝ դատավորները չեն կարողանա հրաժարականով խուսափել կարգապահական պատասխանատվությունից։
Գործող կարգավորումներով, եթե դատավորի լիազորությունները դադարում կամ դադարեցվում են, նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն ինքնաբերաբար կարճվում է։ Սա նշանակում է, որ դատավորը, օրինակ, կարող է հրաժարական տալ և այդպիսով խուսափել կարգապահական վարույթի ավարտից, որը կարող է անբարենպաստ լինել իր համար։
Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ նման կարգավորումը հնարավորություն է տալիս չարաշահումների։ Այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) չի կարող վերջնական գնահատական տալ դատավորի վարքագծին, պարզել՝ արդյոք նա թույլ է տվել էական խախտում, ինչպես նաև կանխել, որ նույն անձը հետագայում կրկին հավակնի դատավորի պաշտոնին։
Նախագծով առաջարկվում է սահմանել նախկին դատավորի կողմից էական կարգապահական խախտում թույլ տված լինելու փաստը հաստատելու ընթացակարգ։ Ըստ հեղինակների՝ այս ընթացակարգի ներդրումը հնարավորություն կտա բացառել այն իրավիճակները, երբ էական կարգապահական խախտում թույլ տված դատավորը կարող է կարգապահական վարույթի քննության ընթացքում հրաժարականի դիմում ներկայացնելու միջոցով հասնել վարույթի կարճման, իսկ հետագայում կրկին դիմել դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար։
Միաժամանակ, էական կարգապահական խախտում թույլ տված դատավորի՝ հետագայում կրկին դատավորի պաշտոնին հավակնելու հնարավորությունը բացառելու նպատակով, առաջարկվում է սահմանել, որ եթե ԲԴԽ-ն հաստատել է նախկին դատավորի կողմից էական կարգապահական խախտում թույլ տված լինելու փաստը, ապա նշված դատավորը չի կարող դիմել դատավոր նշանակվելու համար։ Այսպիսով, էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցված լինելը կամ ԲԴԽ-ի կողմից նախկին դատավորի կողմից թույլ տրված էական կարգապահական խախտման առկայությունը հաստատված լինելը դիտարկվել է որպես դատավոր դառնալու սահմանափակում։
Նախագծով նաև առաջարկվում է, որ եթե կարգապահական վարույթը կարճվել է դատավորի հրաժարականի պատճառով, իսկ նա հինգ տարվա ընթացքում կրկին դառնա դատավոր, ապա նախկինում կարճված կարգապահական վարույթը կարող է վերսկսվել։ Միաժամանակ հստակեցվում է, որ վարույթի վերսկսումը չի փոխի վաղեմության ժամկետների հաշվարկը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կապահովի իրավական որոշակիությունը։
Օրինակ՝ Էստոնիայի օրենսդրությամբ սահմանվում է, որ դատավորն իր դիմումի համաձայն չի ազատվում պաշտոնից կարգապահական վարույթի քննության ընթացքում, իսկ Սերբիայում հրաժարականի դիմումը չի քննարկվում մինչև լիազորությունների դադարեցման վերաբերյալ վարույթի ավարտը։
Հայաստանում պրակտիկ նման դեպք գրանցվել է։ Օրինակ, Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը 2023թ․ հունիսին հրաժարականի դիմում է ներկայացրել, երբ իր վերաբերյալ կարգապահական վարույթ էր նախաձեռնված և ԲԴԽ-ն դեռ որոշում չէր կայացրել։ Դրանից հետո վարույթը կարճվել է, այնուհետև ամիսներ անց՝ 2024թ․ փետրվարի 22-ի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է նույն դատարանի դատավոր։ Մինչդեռ շատ հնարավոր էր, որ հրաժարականի դիմում չներկայացնելու դեպքում, ԲԴԽ-ն դադարեցներ նրա լիազորությունները։
Փոփոխություններ՝ դատավորների ընտրության և առաջխաղացման կարգում
Նախագծով առաջարկվում է նաև փոխել դատավորների թեկնածուների ընտրության կարգը։ Ցուցակում կընդգրկվեն այն թեկնածուները, որոնք գրավոր քննության և հարցազրույցի արդյունքներով կստանան ամենաբարձր ընդհանուր միավորները։
Դատական օրենսգրքով սահմանվում են ինչպես առաջին անգամ դատավորների նշանակման, այնպես էլ առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակների կազմման, դատարանների և պալատների նախագահների ընտրության, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ցուցակի կազմման ընթացակարգեր։ Եթե առաջին անգամ առաջին ատյանի դատարանում դատավոր նշանակվելու դեպքում օրենսդիրը սահմանել է որակավորման քննության երկու պարտադիր փուլ, այն է՝ գրավոր և բանավոր, ապա մնացյալ դեպքերում թեկնածուների հետ բանավոր զրույցի անցկացումը դիտվում է որպես հայեցողական կարգավորում։
Ավելին՝ Դատական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն հարցազրույցի փուլը ենթակա չէ գնահատման միավորային սանդղակով: Մասնավորապես, հավակնորդը հարցազրույցի փուլը հաղթահարած է համարվում ԲԴԽ-ի անդամների կողմից նրա օգտին բավարար քանակով «կողմ» քվե ստանալու դեպքում:
Առաջարկվում է պարտադիր դարձնել ԲԴԽ-ի անդամների զրույցը առաջխաղացման ենթակա դատավորների հետ, այդ զրույցներն անցկացնել հրապարակայնորեն և ապահովել դրանց հեռարձակումը։ Նույն կանոնները կկիրառվեն նաև դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի ղեկավար կազմի ընտրության ժամանակ։ Հարցազրույցի ընթացքում կգնահատվեն միայն թեկնածուի անձնական և կառավարչական հատկանիշները, այլ ոչ թե մասնագիտական գիտելիքները, քանի որ վերջիններիս համապատասխանությունն արդեն գնահատված է օրենքով նախատեսված այլ փուլերում։
«Նախագծի ընդունումը կնպաստի դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգի թափանցիկության, օբյեկտիվության և դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, իսկ դատավորների մասնագիտական գործունեության շրջանակում դատական համակարգի ներսում տեղի ունեցող բոլոր առաջխաղացումներում և հնարավոր փոփոխություններում կապահովի հրապարակայնության և թափանցիկության սկզբունքների իրացումը, ինչպես նաև կբարձրացնի Բարձրագույն դատական խորհրդի որոշումների նկատմամբ հանրության վստահությունը»,- նշված է նախագծի հիմնավորումներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter