Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովն օգոստոսի 3-ին շարունակել է քննարկել ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանին։

Թեկնածության վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու հարցի քվեարկությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նախ խոսել է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներից, ապա հայտարարել, որ իրենց խմբակցությունը դեմ է քվարկելու։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնել է պատգամավոր Արայիկ Հարությունյանը։ Նրա գնահատմամբ ընտրվելու պարագայում Ռուբեն Ռուբինյանը մեծ պատասխանատվությամբ և նվիրումով կկատարի ԱԺ նախագահին վերապահված պարտականությունները։ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև ընդդիմություն և իշխանություն հարաբերությունների, խորհրդարանում ընդդիմության դերի մասին։ Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը միաձայն քվեարկելու է Ռուբեն Ռուբինյանի թեկնածության օգտին։

ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է երկօրյա քննարկումների ընթացքում իր հասցեին ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած դիտարկումներին և հակափաստարկներ ներկայացրել։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկության կարգը։

Leave a Comment