Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կոնֆլիկտ գոյություն չունի։ Այդ մասին ռուսական РИА Новости-ին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նրա խոսքով՝ նաև կոռեկտ չէ ասել, թե այդ կոնֆլիկտը «իբր ձգվում է Երևանի և Բաքվի միջև սրացումից ի վեր»։
«Հայաստանի հետ ՀԱՊԿ որևէ կոնֆլիկտ գոյություն չունի։ Խոսել այն մասին, որ դա ձգվում է 2021 թվականից, ևս ապրիորի կոռեկտ չէ»,- նշել է Վասիլևը՝ պատասխանելով ռուսական գործակալության համապատասխան հարցին։
Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ բազում տարիներ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերում, փորձեր են արվել գտնել փոխզիջումային լուծումներ ղարաբաղյան կարգավորման համար։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն առաջարկել է «համապատասխան հանգուցալուծումներ, որոնք քաջ հայտնի են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։ Նա նշել է, որ «հակամարտությունը ՀԱՊԿ մանդատի հետ կապ չի ունեցել, և Երևանում դա գիտեն»։
Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Դեռ 2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:
Երևանի կարծիքով՝ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական կողմի հարձակումների մասին էին։
Լուսանկարը՝ Валерий Шарифулин/ТАСС
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter