Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան-100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը, հայտնել է թանգարանը։
Ցուցահանդեսը նվիրված է անվանի բանաստեղծ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի նկարազարդումների ստեղծման պատմությանը։
Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը, աշխատանքային ինչ փուլեր է անցել և թե ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։
Առաջին անգամ ցուցադրվելու են պոեմի տպագրության համար արված շուրջ 40 էսքիզներ և օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։ Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման ստեղծագործական ընթացքի մասին։
Ցուցադրության ընթացքում կկազմակերպվեն լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։
