Վեդի քաղաքում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու շրջանակում
3 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ գերատեսչության վարկածի՝ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ․Ա․-ն, տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով նրան ենթարկել էր սեռական շահագործման: իսկ 2026 թվականին նա նույն ընտանիքի անչափահաս աղջկան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան, առևանգել, տեղափոխել Վեդիի գերեզմանատան տարածք և կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Մյուս մեղադրյալը՝ Վեդիի 58-ամյա բնակիչ Ա․Ե․-ն, Դ․Ա․-ից տեղեկանալով ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին առաջարկել է անչափահաս աղջկան ավտոմեքենայով տանել դպրոց, առևանգել է նրան, տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք և կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ,
Երրորդ մեղադրյալ, Երևանի 39-ամյա բնակիչ Վ․Ե․-ն, նույն ընտանիքին բարեգործություն անելու պատրվակով մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ և 2026 թվականի փետրվարին գնումներ կատարելու առիթն օգտագործելով՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Դ․Ա․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 15 տարով), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարով) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 15 տարով):
Ա․Ե․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):
Վ․Ե․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը, պատժվում է ազատզրկմամբ՝ մինչև 6 տարով):
Մայիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ, մայիսի 7-ին նրանք կալանավորվել էին։ Այսօր կալանավորված 3-րդ անձի՝ Վ.Ե.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մայիսի 8-ին։
Դեպքի ֆոնին իրավապահ համակարգի 5 պաշտոնյա էր ազատվել աշխատանքից։
Կարդացեք նաև՝
Վեդիում տուժած անչափահաս քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել․ փաստաբան
