Այդահոյի նահանգի արագ սննդի կետերից մեկում տեղի ունեցած մահացու հրաձգության մեջ կասկածվող անձը մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից։
Նահանգի ոստիկանությունից հայտնել են, որ ծառայությունից դուրս գտնվող ոստիկանի և զինված քաղաքացու գործողությունները վճռորոշ դեր են ունեցել՝ շեղելով հրաձիգի ուշադրությունը։
Ոստիկանության պետ Մեթյու Հիքսի խոսքով՝ քննիչները համոզված են, որ հրաձգությունն իրականացրել է 24-ամյա Չադ Ուիլյամսը։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Այդահո նահանգի Թուին Ֆոլս քաղաքում գտնվող «In-N-Out» արագ սննդի նորաբաց ռեստորանում։
Հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ ինքը՝ Ուիլյամսը, ևս յոթը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Մոտ 56 հազար բնակչություն ունեցող քաղաքի հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից երկուսն արդեն դուրս են գրվել, երեքի վիճակը գնահատվում է կայուն, իսկ երկուսը շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում։
Հիքսի խոսքով՝ դեպքի պահին ծառայությունից դուրս գտնվող նահանգային ոստիկանության աշխատակիցը և մի զինված քաղաքացի պատասխան կրակ են բացել, ինչի շնորհիվ հաջողվել է հրաձիգի ուշադրությունը շեղել ռեստորանի այցելուներից։ Նրանց ինքնությունը դեռևս չի հրապարակվել։
