Կաթողիկոսին հասցեագրված հայտարարությունները լարվածություն են առաջացրել ԱԺ-ում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Տարոն Չախոյանը խորհրդարանում քննադատական հայտարարություններ է հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին, ինչը դահլիճում ընդդիմադիրների դժգոհությունն է առաջացրել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, դահլիճից արձագանքելով հնչեցված մեղադրանքներին, կոչ է արել հարգանքով վերաբերվել Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ընդգծելով, որ պետական բարձր ամբիոնից նման լեզվամտածողությունն ու հռետորաբանությունն անընդունելի են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսից խիստ քննադատության է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կոչ անում փոխել Կաթողիկոսին։ 2026 թվականի հունվարին Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել «ճանապարհային քարտեզ»։ Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։

Leave a Comment