Marriott-ը բողոքի միջազգային արշավից հետո չեղարկել է դեպի Արցախ նախատեսված տուրը

Marriott Bonvoy ընկերությունը բողոքի միջազգային արշավից հետո հրաժարվել է օկուպացված Արցախ նախատեսված տուրիստական փաթեթից, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Խոսքը 14-ժամյա տուրի մասին էր, որը ներառում էր այցելություն Շուշի և Ստեփանակերտ։ Տուրի նկարագրության մեջ նշված չէին Արցախի հայկական պատմությունը, շրջափակումը և Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումը։

Տուրի մասին հուլիսի 27-ին հայտնել էր Հայկական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը (CARA)։ Տեղեկության հրապարակումից հետո ANCA-ն և տարբեր երկրներում գործող հայկական կազմակերպությունները սկսել էին արշավ՝ պահանջելով չեղարկել առաջարկը։ Կազմակերպության տվյալներով՝ Marriott-ը հեռացրել է տուրի մասին գովազդը հինգ օրից էլ պակաս ժամանակում։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ ընկերությունը չպետք է «շահույթ ստանա Արցախի հայերի տառապանքներից» և իրականացնի տուրեր, որոնք, նրա խոսքով, օրինականացնում են Ադրբեջանի գործողությունները։

Տուրը հասանելի էր Marriott-ի հարթակում և հնարավորություն էր տալիս ստանալ Marriott Bonvoy միավորներ։ Ճանապարհորդության շրջանակում զբոսաշրջիկներին առաջարկվում էր այցելել «Տատիկ-Պապիկ» («Մենք ենք, մեր սարերը») հուշարձան։ ANCA-ն նշել է, որ հուշարձանի նկարագրության մեջ նշված չէր դրա հայկական ծագումը։

Կազմակերպությունն ընդգծել է, որ Արցախի ավելի քան 100 հազար տեղահանված հայեր շարունակում են զրկված մնալ իրենց տներ վերադառնալու հնարավորությունից, իսկ 19 հայ գերիներ շարունակում են մնալ Ադրբեջանում։

Leave a Comment