«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Փորձ, պրոֆեսիոնալիզմ, նա լավագույն մասնագետներից է, իսկ օրենսդրի համար դա հիմնական չափանիշներից է»,- հավելեց Կարապետյանը։ Ազգային ժողովն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկի թեկնածուն առաջադրվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կազմից։
ԱԺ փոխնախագահներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար առաջադրելու են Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։