Այսօր՝ օգոստոսի 2-ին, մեկնարկեց իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Օրենքի համաձայն՝ նիստը վարում է ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Վերջին մի քանի գումարումների ժամանակ նույն սկզբունքով հենց նա է վարել նիստը։
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Բացման իր խոսքն ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը․
«ՔՊ-ին վստահվել է երկրի կառավարման ծանրությունը։ Դա գերագույն պատասխանատվություն է՝ անշեղորեն առաջնորդվելու Սահմանադրությամբ և օրենքներով, լիարժեք գիտակցելու հանրային վստահության արժեքը և կրելու կայացվող յուրաքանչյուր որոշման ամբողջական պատասխանատվությունը»,- նշեց նախագահը։
Սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա չէր։ Նախագահի ելույթից հետո որոշակի տարաձայնություններ եղան «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորների և Կնյազ Հասանովի միջև։ Ամենայն հավանականությամբ՝ կապված հենց հովվապետի բացակայության հետ։ Ավելի ուշ այդ հարցը բարձրացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Նիստը վարող Կնյազ Հասանովը նշեց, որ Կաթողիկոսին ոչ ոք չէր կարող հետ պահել, եթե նա որոշեր գալ ԱԺ։
Տարաձայնություններից հետո ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները երդման արարողության ժամանակ ոտքի չկանգնեցին։
Իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն Արուսյակ Մանավազյան է, նա եղել է նաև ութերորդ գումարման ԱԺ պատգամավոր։ Խմբակցության քարտուղարը կուսակցական Civic.am կայքի նախկին լրագրող Վալոդյա Հակոբյանն է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության նախագահը Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղարը՝ Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստան» խմբակցությունը կղեկավարի Աննա Գրիգորյանը, քարտուղարը Արթուր Խաչատրյանն է։ Երկուսն էլ եղել են նախորդ խորհրդարանի պատգամավորներ։
Զուգահեռ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Սահմանադրության համաձայն գործող կառավարությունն այսօր պիտի հրաժարական տա, որ ձևավորվի նորը։ Նախագահը ստորագրել է հրաժարականը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter