Իվան Մեզյուխո. Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը բացառելով Երևանի տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը՝ բացառելով Երևանի տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ասել է քաղաքագետ Իվան Մեզյուխոն, գրում է rk-news.ru–ն։ Պաշտոնապես կարելի է ասել, որ ՀՀ Սահմանադրության ոչ մի հոդված չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, սակայն, Հիմնական օրենքի նախաբանում կա հղում հայկական պետության անկախության հռչակագրին, որտեղ նաև հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Այդ առումով էլ Բաքուն տեսականորեն կարող է պահանջել փոփոխություններ կատարել ՀՀ անկախության հռչակագրում, քանի որ չի բավարարվում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որը նշել է, որ Հիմնական օրենքի նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես ՀՀ Սահմանադրության հոդվածներում ամրագրված դրույթներին։ Վերջին հաշվով, այս սահմանադրական բանավեճում, ըստ Մազյուխայի, Բաքուն կհաղթի, այլ ոչ թե Երևանը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վաղուց է որդեգրել Իլհամ Ալիևի առջև կապիտուլյացիոն դիրքորոշում։ Նրա ղեկավարությամբ Ադրբեջանը վճռական հաղթանակ տարավ երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։

Ըստ քաղաքագետի հայ դիվանագետները կանեն ամեն ինչ Բաքվի իրավական պահանջները բավարարելու համար միաժամանակ նվազագույնի հասցնելով իրենց համար ներքաղաքական ռիսկերը, որոնցից, իհարկե, անհնար է խուսափել։ Ի վերջո, Սահմանադրության կամ Անկախության հռչակագրի փոփոխությունը կարող է, թեկուզ կարճ ժամանակով, համախմբել Նիկոլ Փաշինյանի դեմ բազմազան ընդդիմությանը։

Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջը իսկապես հիմնարար է։ Եվ մինչև այդ հիմնարար հարցը չլուծվի իր օգտին, Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր չի կնքվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայոց պատմության մեջ կմտնի որպես այն մարդը, որի օրոք Հայաստանը վերջնականապես հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ ցանկացած պահանջից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment