ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը շեշտել է, որ խորհրդարանն ընկալվում է որպես անիմաստ բանավեճերի, մեղադրանքներ հնչեցնելու վայր։
«Կա 1 ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018 թ.-ից սկսած ԱԺ-ն դարձել անհանդուրժող վայր։ Դա ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելն է։
Չեմ ասում՝ «չհաշտվելը»։ Նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների կամ ժողովրդի որոշման հետ։ Բայց խնդիր է, երբ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը»,- ասել է նա։
Ռուբինյանը նաև առաջարկել է. «Ես համարում եմ այս օրը զրոյական կետ իմ և ձեր հարաբերություններում և, ընդհանրապես, զրոյական կետ՝ խորհրդարանական հարաբերություններում։
Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել մեր միջև որպես կոնսենսուս՝ բարեկիրթ, սուր, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև և կառուցողական խորհրդարանական աշխատանք։
Մեզ չեն ուղարկել միայն քաղաքական պոլեմիկա բանեցնելու համար, դա էլ է մաս, բայց միայն դա չէ. մենք մարդկանց խնդիրները լուծելու համար ենք այստեղ։
Եթե ընդունում եք իմ առաջարկը, ես երաշխավորում եմ, որ ՔՊ խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։
Եթե չեք ընդունում իմ առաջարկը կամ այլ առաջարկներ ունեք, կարծում եք, որ պետք է շարունակել գործել վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա ՔՊ-ն առավել քան պատրաստ է դրան՝ բառիս ամենակոշտ իմաստով»։
