Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում մոլեգնող անտառային հրդեհները վերցվել են վերահսկողության տակ։
«Ընդհանուր առմամբ, այսօր մեր երկրում հրդեհները վերահսկվում են»,– La Tribune Dimanche-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։
Նա մասնավորապես անդրադարձել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտին, որտեղ, նրա խոսքով, հրդեհաշիջման աշխատանքները չափազանց բարդ էին, քանի որ կրակը ստեղծում էր սեփական օդային հոսանքներ և անկանխատեսելիորեն տարածվում։ «Այժմ իրավիճակը կրկին կայունացել է՝ արտակարգ ծառայությունների բացառիկ աշխատանքի, եղանակային պայմանների բարելավման և կրակի մշտական վերահսկողության շնորհիվ»,– նշել է վարչապետը։
Այս տարի Եվրոպայում, մասնավորապես՝ Իսպանիայում և Ֆրանսիայում, անտառային հրդեհները հասել են ռեկորդային մասշտաբների։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակում դրանց մարման համար ներգրավվել են 13 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ և հարյուրավոր հրշեջներ ԵՄ տարբեր երկրներից։