Աֆրիկայի միջերկրածովյան ափին գտնվող իսպանական ինքնավար Սեուտա քաղաքի շրջանում, որը վերջին երկու օրերին դարձել էր միգրացիոն ճգնաժամի էպիկենտրոնը, իրավիճակը աստիճանաբար կայունանում է։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։
«Տարվում են տարածքի մաքրման ինտենսիվ աշխատանքներ, վերականգնվում են կարգուկանոնը և երթևեկությունը»,– Hespress լրատվական պորտալին հայտնել են Սեուտա տանող «Բաբ Սեբտա» սահմանային անցակետում։ Մերձակա փողոցներից հեռացվում են վերջին բախումների ընթացքում միգրանտների կողմից այրված մեքենաների մնացորդները։ Սահմանային անցակետ են սկսել ժամանել միկրոավտոբուսներ, որոնք Սեուտայից դուրս եկած ապօրինի միգրանտներին տեղափոխում են Մարոկկոյի մոտակա Ֆնիդեկ քաղաք։ Սեուտա–Ֆնիդեկ ճանապարհահատվածում վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը։
Միաժամանակ Hespress-ը հայտնում է, որ թե՛ սահմանային անցակետում, թե՛ հարակից տարածքներում շարունակում են ուժեղացված հերթապահություն իրականացնել ոստիկանության ստորաբաժանումները, որոնք վերահսկում են Մարոկկոյի տարածք վերադարձող մարդկանց հոսքը։
Պորտալի աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին «Բաբ Սեբտա» անցակետի և Ֆնիդեկի շրջանում ոստիկանության հետ բախումների ընթացքում ձերբակալվել է շուրջ 70 մարդ։ Նրանք գտնվում են կալանքի տակ՝ հետագա քննության շրջանակում։ Ձերբակալվածներին առաջադրվել են ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձի, հրկիզման և պետական ու մասնավոր գույքի նկատմամբ վանդալիզմի հոդվածներով։
Հուլիսի 30-ին հազարավոր միգրանտներ լողալով կամ ալեկոտրիչը շրջանցելով ոտքով հասել էին Սեուտա։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ քաղաք էր մուտք գործել մոտ 60 հազար մարդ, մինչդեռ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր շուրջ 50 հազար ժամանողի մասին։ EFE գործակալության տեղեկություններով՝ անվտանգության ուժերը Մարոկկո են վերադարձրել շուրջ 69,5 հազար միգրանտի։ Այս թիվը կարող է ներառել նաև նրանց, ովքեր Սեուտա էին հասել մինչև հուլիսի 30-ի զանգվածային ներհոսքը կամ նույն օրը սահմանը հատել էին մեկից ավելի անգամ։
Բացի այդ, առնվազն 67 մարդ զոհվել է՝ փորձելով հասնել Սեուտայի տարածք։