2026 թվականի հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզի դատարան է ստացվել նոր քրեական գործ, որով պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի սպանության համար։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Հակոբյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2026 թվականի փետրվարի 26-ին գումարտակի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ նույն վաշտի ժամկետային զինծառայող Ն. Հ.-ի կողմից իրեն նկատողություն անելուց և իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելուց հետո մտել է թիվ 3 զորանոց, վերցրել Հ. Ե.-ին ամրակցված «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգը և փամփշտատուփ՝ լիցքավորված առնվազն 29 փամփուշտներով, այնուհետև այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգ ստեղծելով Հ.-ի և զինծառայողների կյանքի համար, առնվազն 17 կրակոց է արձակել Ն. Հ.-ի գլխին և մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար զրկելով նրան կյանքից:
Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։
Տ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։