Ճապոնիայի հարավ-արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Կումամոտոյի պրեֆեկտուրայի իշխանություններին։
Աղետի հետևանքով վնասվել է ավելի քան 1500 շենք, որոնցից 179-ն ամբողջությամբ ավերվել է։ Առնվազն 96 մարդ վիրավորվել է, նրանցից 6-ը՝ ծանր։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները։
Կումամոտոյում շուրջ 80 000 տուն շարունակում է մնալ առանց ջրամատակարարման, ավելի քան 9000 մարդ տեղավորվել է ապաստարաններում։ Բնակիչներից շատերը գիշերում են մեքենաներում, մինչդեռ օդի ջերմաստիճանը հասել է +36 աստիճանի, իսկ վառելիքի պակասը դժվարացնում է օդորակիչների օգտագործումը։
Երկրաշարժը պայթյուն է առաջացրել Կասիմա քաղաքի առևտրի կենտրոնում, տապալել գործարանի ծխնելույզը և ավերել բնակելի տներ։ Առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 3000 մարդ։ Փլատակներից դուրս բերված 11 անձից 7-ը մահացել է, իսկ գործարանում հայտնաբերված 11 մարդուց 9-ը՝ զոհվել։
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո իշխանությունները ցունամիի վտանգ էին հայտարարել Արիակե և Յացուսիրո ծոցերի ափերի համար։ Առաջին ցնցումից մեկ ժամ չանցած գրանցվել էր ևս մեկ՝ 6,1 մագնիտուդով երկրաշարժ։ Գենկայի և Սենդայի ատոմակայաններում աշխատանքի խափանումներ չէին արձանագրվել։
