
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում գտնվող «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ» նավթավերամշակման գործարանի վրա։
Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի խոսքով՝ Ուֆայի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։ Ըստ նրա՝ խոցված ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական գոտում ծուխ է առաջացել։ «Բոլոր արտակարգ ծառայությունները տեղում են և զբաղվում են հետևանքների վերացմամբ։ Զոհեր և վիրավորներ չկան»,- նշել է նա՝ չհստակեցնելով, թե որ օբյեկտն է վնասվել։
Սոցիալական ցանցերում և Telegram-ի ալիքներում տարածված լուսանկարներում երևում են «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ» գործարանի տարածքից բարձրացող սև ծխի ամպերը։
«Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմը», ինչպես նաև հարակից «Բաշնեֆտ-Նովոյլ» և «Բաշնեֆտ-ՈՒՆՊԶ» գործարանները կազմում են Ուֆայի նավթավերամշակման համալիրը, որի տարեկան վերամշակման հզորությունը կազմում է շուրջ 23,5 միլիոն տոննա։ Այն համարվում է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման համալիրներից մեկը։