ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելուց հրաժարվելու մասին։ Կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրի շուրջ առաջացած տարաձայնություններն այլևս չեն բխում նախապես դրված նպատակների շահերից։
Ինֆանտինոն ընդգծել է, որ նախագիծը կոչված էր աջակցելու ազգային ֆեդերացիաներին, սակայն բոլոր կարծիքները լսելուց հետո պարզ է դարձել, որ այն պառակտում է առաջացնում։ «Մեր նպատակը միշտ եղել է և կմնա միավորումն ու կատարելագործումը. հետևաբար այս առաջարկը չի ընդունվի», – նշել է նա։
Հուլիսի 28-ին հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն նախատեսում էր ստեղծել 20 մլրդ դոլար արժողությամբ «FIFA Forward Enterprise» դուստր ընկերությունը և դրա բաժնետոմսերի մեկ քառորդը 4,2 մլրդ դոլարով վաճառել արտաքին ներդրողներին։
