ԶԼՄ-ները հայտնել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թեկնածուի անունը

«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է գլխավորել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մխիթար Հայրապետյանին, հայտնել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ վերջին օրերին Թադևոսյանի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է կառավարական շրջանակներում։

Թադևոսյանը գլխավորում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղակայված «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն։ Նա 2025 թվականի մարտին ուղեկցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Հայրապետյանին ձեռնարկություն այցելության ընթացքում՝ ներկայացնելով դրա տեխնիկական ենթակառուցվածքն ու զարգացման ծրագրերը։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ այցից հետո Թադևոսյանի անունը սկսել է դիտարկվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր ղեկավար պաշտոնների թեկնածուների թվում։

«Միջազգային ռադիոցանցը» համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող պետական հեռահաղորդակցական ընկերություն։

Այն մատուցում է ռադիոհեռարձակման և կապի ծառայություններ՝ ապահովելով Հայաստանի, հարևան երկրների, ինչպես նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի մի շարք տարածաշրջանների ծածկույթը։ 2024 թվականի վերջին ընկերության 100% բաժնետոմսերը փոխանցվել են ՀՀ կառավարությանը, իսկ կառավարման լիազորությունները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Ինչպես նշում է պարբերականը, Թադևոսյանի նշանակման դեպքում նախարարության ենթակայության տակ գտնվող ընկերության ղեկավարը կգլխավորի հենց գերատեսչությունը։

Հուլիսի 8-ին «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ Հայրապետյանը մտադիր է թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ կառույցի գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանի՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուց հետո։ Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Հայրապետյանի սպասվող հրաժարականը, իսկ հուլիսի 21-ին վերջինս հրաժարվել էր պատգամավորական մանդատից։

Leave a Comment