Լրագրողական 8 կազմակերպություն պահանջել է վերանայել ԱԺ-ի նոր սահմանափակումները

Լրագրողական ու խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ութ կազմակերպություն պահանջել է կասեցնել Ազգային ժողովում լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող նոր սահմանափակումների կիրառումը և նախաձեռնել դրանց շուրջ բաց քննարկումներ։

Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած՝ «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշումը շարունակում և ավելի է խստացնում լրագրողների աշխատանքի նկատմամբ նախկինում սահմանված սահմանափակումները։

Կազմակերպությունները մտահոգիչ են համարել այն դրույթները, որոնց համաձայն՝ լրագրողները հանձնաժողովների նիստերին կարող են մասնակցել միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նրանց ցուցակները պետք է ներկայացվեն նիստից առնվազն երկու ժամ առաջ։ Նրանք նաև քննադատել են ԱԺ նիստերի դահլիճի օթյակ մուտքի և Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս լուսանկարելու կամ տեսաձայնագրելու սահմանափակումները։

«Եթե հիշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանում բազմիցս եղել են դեպքեր, երբ նիստերի դահլիճում կրքերը բորբոքվելիս և պատգամավորների միջև ծեծկռտուքներ ծագելիս անվտանգության ծառայողները ներխուժել են մամուլի օթյակ, լրագրողներից պահանջել դադարեցնել նկարահանումներն ու դուրս գալ սրահից, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչի համար է վերոհիշյալ արգելքը։ Մինչդեռ նման տեսարանները նորություն չեն, և հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ գործելաոճ ու վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ որոշման մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության երաշխիքներին։

Նրանք պահանջել են կասեցնել որոշման՝ լրատվամիջոցներին վերաբերող դրույթների գործողությունը և 9-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունից նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։

Leave a Comment