Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կրկին դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դիմելու առիթը Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակություն ուղարկելու նախաձեռնությունն է։
Այս շաբաթ լրացել է Ռուբեն Վարդանյանի՝ Ումբակի քրեակատարողական համալիր տեղափոխվելու 100-րդ օրը։ Նա 2023 թվականի սեպտեմբերից գտնվում է անազատության մեջ և այդ ընթացքում ոչ մի անգամ չի հանդիպել ընտանիքի անդամներին։
Զոնաբենդը հիշեցրել է, որ իր ամուսինը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, վերջին 100 օրն անցկացրել է Ումբակի քրեակատարողական համալիրում։ Ավելի վաղ նա առաջարկել էր կազմակերպել միջազգային կանանց մարդասիրական առաքելություն՝ Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու և նրանց ծանրոցներ փոխանցելու նպատակով։ Սակայն այդ դիմումներին պատասխան չի տրվել, ինչի պատճառով նա կրկին պաշտոնական նամակներ է հղել և հանդես եկել հրապարակային ուղերձով։
Զոնաբենդը Սաբինա Ալիևային խնդրել է աջակցել Ումբակի քրեակատարողական համալիր այցի կազմակերպմանը, սահմանել այցելության ձևաչափը և ծանրոցների փոխանցման կարգը։ Միաժամանակ նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել նշանակել նախաձեռնությունը համակարգող պատասխանատու և ապահովել անհրաժեշտ դիվանագիտական աջակցությունը։