Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կրկին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքվում կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության նախապատրաստման առաջարկով։
Նա նշել է, որ նախաձեռնության նպատակը զուտ մարդասիրական՝ այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, տալ նրանց նամակներ, լուսանկարներ և թույլատրված անձնական իրեր սիրելիներից և օգնել պահպանել կապը իրենց ընտանիքների հետ։
Վարդանյանի կինը հիշեցրել է, որ ավելի վաղ նույն առաջարկով արդեն դիմել էր Փաշինյանին և Ալիևային, այժմ հանդես է եկել հումանիտար այցի գործնական կազմակերպման կոնկրետ առաջարկներով։
Նա նշել է, որ այս շաբաթ լրանում է Վարդանյանի՝ «Ումբակի» քրեակատարողական համալիր տեղափոխման 100 օրը։ Նրա ազատազրկումը շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերից, և այս ամբողջ ընթացքում նա երբեք չի կարողացել անձամբ հանդիպել իր ընտանիքի հետ։
Զոնաբեդը Ալիևային խնդրել է նպաստել քրեակատարողական համալիրում գտնվող հայ բանտարկյալների այցի կազմակերպմանը, որոշել տեսակցության հնարավոր ձևաչափը, ընտանիքներից ծանրոցների մուտքի և փոխանցման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, կեցության և անարգել մեկնելու պայմանները։
«Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության այցը, մասնակիցների սահմանափակ խմբի այցը կամ այցը հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ուղեկցությամբ։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ ընտրված ձևաչափն ապահովի բանտարկյալների հետ մարդասիրական անմիջական շփումը և նրանց սիրելիներից թույլատրված իրերը տալու հնարավորությունը»,- շեշտել է Զոնաբենդը։
Նա Փաշինյանին խնդրել է բացահայտել այս նախաձեռնությունը համակարգող պատասխանատու անձին և անհրաժեշտ դիվանագիտական և գործնական աջակցություն ցուցաբերել դրա պատրաստման գործում։
