Կայացել է Սեռական և վերարտադրողական առողջության աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) համանախագահությամբ կայացել է Սեռական և վերարտադրողական առողջության աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հայտնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կյանքի ողջ ընթացքում սեռական և վերարտադրողական առողջության որակյալ ծառայությունների հավասար հասանելիության ապահովման, ոլորտային համագործակցության ամրապնդման հարցերը` ինչպես առօրյայում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ:

Այն ներառում է մայրական և նորածնային առողջությունը, ընտանիքի պլանավորումը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելումը և վարումը, դեռահասների ու երիտասարդների սեռական և վերարտադրողական առողջությունը, գենդերային բռնության կանխարգելումը և արձագանքը, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը, անպտղության կանխարգելումը, վերարտադրողական իրավունքների խթանումը:

«Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության ապահովումը մեր առողջապահական քաղաքականության առաջնահերթություններից է։ Միայն արդյունավետ գործընկերության և համակարգված աշխատանքի շնորհիվ կարող ենք ապահովել բնակչության կարիքներին ժամանակին և որակյալ արձագանք»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

«Ես կասկած չունեմ, որ Վերարտադրողական առողջության հարցերով աշխատանքային խումբը դառնալու է այն անվտանգ հարթակը, որտեղ մենք կխոսենք թե՛ նախարարության, թե՛ ծառայություն մատուցողների և թե՛ ծառայություն ստացողների խնդիրների մասին: Եվ այդ խնդիրների մասին խոսելու միակ նպատակը կլինի դրանց համար լուծումներ գտնելը», – ասել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

Քննարկումն անցկացվել է ՄԱԲՀ-ի Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանի, մասնագիտական ասոցիացիաների, ոլորտում ներգրավված միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս և այլ ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական՝ ուղղված առկա մարտահրավերների համատեղ լուծմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment