Փաստաբանը հայտնել է Արեգնազ Մանուկյանի գործով բողոքի քննության ձգձգման մասին

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս Վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Այս ուշացման համար փաստաբանը մեղադրել է դատավոր Մանվել Շահվերդյնաին, ով, ըստ նրա, գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չի փոխանցել Վերաքննիչ դատարան։

«Այն նույն դատավորը, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մորից շփվելու իրավունքից», – ընդգծել է Սողոյանը։

Փաստաբանը փոխանցել է, որ արդեն համապատասխան գրությամբ դիմել են դատարանի նախագահին պարաս պարզաբանելու այդ ձգձգումը։

«Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար», – նշել է նա։

Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։

Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը պետական դավաճանության գործով նույնպես մայիսի 23-ին կալանավորվել էր երկու ամսով։ Քրեական հետապնդումն սկսվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որով հայտնել էր՝ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և որ իշխանություններն «արմատախիլ են անելու լրտեսական ցանցը»։ 

Leave a Comment